Առողջագիտություն


Առաջին օգնություն երեխաներին. Ջերմային խանգարումներ

doctors.am Առաջին օգնություն երեխաներին. Ջերմային խանգարումներ
Ջերմակարգավորման շնորհիվ մարդու օրգանիզմը կարողանում է դիմակայել ջերմաստիճանի բավական մեծ տատանումների: Սակայն բարձր կամ ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել` հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների: Հայտնի է, որ երեխաները ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ, քանի որ նրանց ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ: Փոքր երեխաներն ավելի խոցելի են նաև արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը` ավելի նուրբ:
Ցրտահարում
Ցրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով մարմնի հյուսվածքների տեղային վնասումն է:
Ինչի վրա ուշադրություն դարձնել
Ցրտահարման պահին և ցուրտ միջավայրում վնասված հատվածում ի հայտ են գալիս հետևյալ նշանները.
— մաշկի սառնություն,
— այրող ցավ կամ զգայունության բացակայություն,
— մաշկը դառնում է մոմանման, սպիտակադեղնավուն կամ կապտավուն: Վնասված հատվածի տաքանալուց հետո այն կարող է կարմրել, կապտել կամ այտուցվել: Մաշկի վրա կարող են ի հայտ գալ հեղուկով լցված բշտեր:
Ինչ անել
— Հանեք խոնավ հագուստը և երեխային հագցրեք չոր հագուստ, գուլպա, ձեռնոց կամ վնասված հատվածը փաթաթեք բրդյա գործվածքով:
— Հնարավորության դեպքում տվեք տաք, քաղցր հեղուկներ:
— Տաքացրեք վնասված հատվածը ձեր մարմնի ջերմությամբ: Ցրտահարված ձեռքերը կարող եք դնել ձեր թևատակերում, իսկ ցրտահարված քիթը, այտերը, ականջները կամ կզակը կարելի է ծածկել ձեռքի ափով:
— Երեխային խորհուրդ տվեք շարժվել, թռվռալ, վազել:
— Ցրտահարված մասը դրեք թեթևակի գոլ ջրի մեջ և աստիճանաբար տաքացրեք ջուրը մինչև 40 աստիճան:
— Ցրտահարված մասը զգուշորեն չորացրեք և ծածկեք փափուկ գործվածքով: Ցրտահարված մատները փափուկ գործվածքով առանձնացրեք միմյանցից:
— Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:
Ինչ չի կարելի անել
— Մի շփեք ցրտահարված հատվածը, հատկապես՝ ձյունով:
— Մի բացեք բշտերը:
— Մի տաքացրեք ցրտահարված մասը կրակի կամ տաքացուցիչի մոտ:
— Թույլ մի տվեք, որ ցրտահարված մասը կրկին սառչի:
Մարմնի ընդհանուր սառեցում
Մարմնի ընդհանուր սառեցումը կյանքին սպառնացող իրավիճակ է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով:
Ինչի վրա ուշադրություն դարձնել
Հիվանդության ախտանշաններն են`
— սկզբնական շրջանում՝ դողի առկայություն, հետո` դողի բացակայություն,
— սառը, գունատ, չոր մաշկ,
— մարմնի` 35 C-ից ցածր ջերմաստիճան,
— կողմնորոշման խանգարում, դժվարացած քայլվածք,
— քնկոտություն,
— անտարբերություն, ապակենման սառն ու անհաղորդ հայացք,
— դանդաղ անոթազարկ և շնչառություն,
— գիտակցության խանգարումներ:
Ինչ անել
— Տեղափոխեք երեխային տաք տեղ, ընդ որում դա այնպես կազմակերպեք, որ երեխան ինքնուրույն չշարժվի, օրինակ` նրան գրկած տարեք:
— Փոխեք թաց կամ խոնավ հագուստը և զգուշորեն, առանց շփելու, չորացրեք մարմինը:
— Երեխային փաթաթեք ծածկոցով` ընդգրկելով նաև գլուխը, տաքացրեք նրան ձեր մարմնի ջերմությամբ:
— Տվեք տաք, քաղցր հեղուկներ:
— Ջերմակներ տեղադրեք (տաք ջրով լցված շշեր և այլն) երեխայի անութափոսերում և աճուկային հատվածում:
— Ահազանգեք շտապ օգնություն:
Մարմնի ընդհանուր սառեցման հետ միաժամանակ երեխայի մոտ կարող է լինել նաև ցրտահարում: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մարմնի ընդհանուր սառեցմանը, նոր միայն հոգ տարեք ցրտահարված հատվածների մասին: Նման դեպքերում տուժածին չի կարելի շարժվել:
Ինչ չի կարելի անել
— Թույլ մի տվեք տուժածին շարժվել:
— Մի տաքացրեք տուժածի ձեռքերը կամ ոտքերը:
— Մի բարձրացրեք տուժածի ոտքերը:
— Տուժածին մի սուզեք տաք ջրի մեջ:
— Մի ընդհատեք մարմնի տաքացումը:
— Մի տվեք երեխային ալկոհոլային խմիչքներ:
Ջերմային հարված և արևահարություն
Ջերմային հարվածը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորումը: Արևահարությունը նման է ջերմային հարվածին, բայց առաջանում է գլխի վրա արևի ազդեցության հետևանքով: Արևահարության նշանները կարող են ի հայտ գալ արևի տակ գտնվելուց անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ` գիշերը:
Ինչի վրա ուշադրություն դարձնել
Հիվանդության ախտանշաններն են`
— մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
— մաշկի կարմրություն և չորություն,
— գլխացավ, գլխապտույտ, թուլություն,
— անհանգստություն, գրգռվածություն,
— աղմուկ` ականջներում,
— արյունահոսություն քթից,
— սրտխառնոց, փսխում:
Ինչ անել
— Տեղափոխեք երեխային հով, ստվերոտ վայր:
— Երեխայի գլխին, անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով:
— Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը:
— Եթե երեխան գիտակցությունը չի կորցրել, տվեք նրան սառը, քաղցր հեղուկներ, հանքային ջրեր:
— Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:
Ջերմային խանգարումների կանխարգելումը
Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած հիվանդագին վիճակները հնարավոր է կանխել: Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին.
— Արգելեք երեխային օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվել:
— Թույլ մի տվեք երեխային ձմռանը մնալ դրսում, եթե նրա հագուստը կամ կոշիկները թրջվել են:
— Երեխային հագցրեք եղանակին համապատասխան, շոգ եղանակին նախընտրեք բաց գույնի բամբակյա հագուստ և արևի ուղղակի ճառագայթներից երեխայի գլուխը պաշտպանեք գլխարկով կամ հովանոցով, իսկ ցուրտ եղանակին նախապատվությունը տվեք բրդյա խիտ գործվածքներից հագուստներին:
— Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք խմելու: Ամռանը նրան առաջարկեք սառը ըմպելիքներ (հանքային ջուր, հյութեր), ձմռանը` տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր):

Գիտակցություն , գիտակցության խանգարման ձևերը

 Գիտակցությունը արտաքին ազդակների հանդեպ ուղեղի բնածին կամ ձեռքբերովի ռեակցիաների ամբողջությունն է, որի միջոցով օրգանիզմը ապահովում է կապը արտաքին միջավայրի հետ։Խանգարման ընղհանուր նշաններ• նյարդային համակարգի խանգարումներ՝
— տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման, հիշողության, զգացողության և այլն,
— գլխացավ, գլխապտույտ,
— շշմածություն, թուլություն,
— սրտխառնոց, փսխում,
— ցավի ռեակցիայի բացակայություն,
• շնչառության փոփոխություններ,
• անոթազարկի փոփոխություններ,
• մաշկի գույնի փոփոխություններ։
Առաջին օգնություն
• Ապահովել տուժածի անվտանգությունը։
• Հանգստացնել տուժածին։
• Զանգել շտապօգնություն։
• Օգնել տուժածին ընդունելու հարմար դիրք։
• Պաշտպանել տուժածին գերտաքացումից կամ գերսառեցումից։
Գիտակցության կորուստ: Ուշագնացություն
Ուշագնացությունը գիտակցության կորստի հետևանք է, որը զարգանում է գլխուղեղի արյան շրջանառության կարճատև խանգարման արդյունքում։ Ուշագնացության պատճառ կարող է լինել զգացմունքային գերլարվածությունը, փակ տարածքում առանց թարմ օդի երկար ժամանակ գտնվելը, մարմնի դիրքի կտրուկ փոփոխությունը, հղիությունը, ինչպես նաև լուրջ հիվանդությունները։ Այս վիճակին կարող է նախորդել գլխապտույտ, մշուշված վիճակ, տեսողության խանգարում, սրտխառնոց։
Առաջին օգնություն ուշագնացության դեպքում
• Պահպանել տուժածին վնասվածքից ընկնելիս և պառկեցնել նրան հարթ մակերեսին։
• Բարձրացնել տուժածի ոտքերը մոտ 20-30 սմ։
• Տալ շնչելու անուշադրի սպիրտ։
• Գիտակցությունը վերականգնվելուց հետո խմացնել քաղցր տաք թեյ, ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը։
Անկախ գիտակցությունը կորցնելու պատճառից երկարատև անգիտակից վիճակում գտնվող տուժածի մկանները թուլանում են, կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, որը հանգեցնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը և առաջացնում շնչառության կանգ։
Գիտակցության բացակայության, բայց շնչառության և անոթազարկի առկայության դեպքում տուժածին պետք է շրջել կողքի՝ անվտանգ (ապահով) դիրքի (ԿԱԴ):
Անվտանգ դիրք կողքի վրա. առաջին տարբերակ
Ստորև թվարկած գործողությունները կատարելիս հատուկ ուշադրություն դարձնել տուժածի գլխին և ողնաշարին՝ նկատի ունենալով հնարավոր վնասվածքները.
1. Կանգնել կամ ծնկի իջնել տուժածի կողքին։
2. Մի ձեռքով բռնել ձեր կողմի կոնքազդրային հոդի շրջանից և մի փոքր բարձրացնել կոնքը։
3. Մյուս ձեռքով բռնել տուժածի ձեռքը ափով դեպի վեր, և հնարավորինս խորը հրել այն բարձրացրած ազդրի տակ։
4. Ծալել տուժածի՝ ձեր կողմի ոտքը ծնկան հոդում՝ հնարավորինս մոտ բերելով ոտնաթաթը կոնքին:
5. Ամուր բռնել տուժածի հակառակ կողմի ուսը և կոնքը, դանդաղ և համաչափ շրջել տուժածին և հենել նրան ձեր ոտքին։
6. Տուժածի ազդրի տակ գտնվող ձեռքը բռնել արմունկից և դաստակից ու զգուշորեն հետ տանել և ծալել՝ դաստակը հենելով մեջքին։
7. Շրջելուց հետո վերևում հայտնված նրա ձեռքը ծալել արմունկից՝ ափը դնելով կզակի տակ։
8. Կայունացնել տուժածի գլուխը, զգուշությամբ հետ տանել այն և դեմքը շրջել դեպի ներքև։
9. Բացել տուժածի բերանը։
Անվտանգ դիրք կողքի վրա. երկրորդ տարբերակ
1. Տուժածի ձեր կողմի ձեռքը բացել նրա մարմնի նկատմամբ ուղիղ անկյան տակ և մի փոքր վերև տանել։
2. Տուժածի մյուս ձեռքը ծալել իր որովայնի վրա։
3. Ձեր մի ձեռքով ամուր բռնել տուժածի՝ ձեզանից հեռու գտնվող ուսը։
4. Տուժածի որովայնին դրված ձեռքը բերել նրա ուսը բռնած ձեր ձեռքի վրա։
5. Մյուս ձեռքով ամուր բռնել նրա կոնքից։
6. Ուսից և կոնքից բռնած՝ դանդաղ, համաչափ և զգուշորեն շրջել տուժածին դեպի ձեզ և պահել նրան ձեր ծնկներով։
7. Շրջելուց հետո ձեր ձեռքին դրված նրա ձեռքը դնել նրա մյուս ձեռքին՝ բաց չթողնելով նրա կոնքը։
8. Ձեր ազատված ձեռքով բռնել տուժածի կոնքը, մյուս ձեռքը հեռացնել կոնքից՝ սահեցնելով դեպի տուժածի՝ վերևում հայտնված ոտքը, ծալել այն ծնկան հոդում և հենել հատակին։
9. Ծալված ոտքի թաթը դնել տուժածի մյուս ոտքի ծնկափոսում։
10. Գլուխը մի փոքր հետ տանել, միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքև, և բացել նրա բերանը։
Անվտանգ դիրք կողքի վրա
1. Տուժածի՝ ձեզ մոտ գտնվող ձեռքը հարմարեցրնել նրա իրանի նկատմամբ ուղիղ անկյան տակ՝ ծալելով արմնկային հոդում, դաստակը՝ ափով վեր:
2. Նրա մյուս ձեռքը անցկացնել կրծքավանդակի վրայով այնպես, որ դաստակի արտաքին մակերեսը կպչի տուժածի ձեր կողմի այտին:
3. Ազատ ձեռքով ծալել տուժածի՝ ձեզանից հեռու նվող ոտքը՝ ծնկից մի փոքր վերև բռնելով։
4. Ուսից և կոնքից բռնած՝ դանդաղ, համաչափ և զզուեն շրջել տուժածին դեպի ձեզ:
Կողքի անվտանգ դիրքը`
• ապահովում է օդի մուտքը դեպի շնչուղիներ,
• թույլ է տալիս գիտակցությունը կորցրած տուժածների շրջանում կատարելու երկրորդային զննում։
Կողքի անվտանգ դիրքի բերելիս ցանկալի է տուժածին շրջել աջ կողմի վրա, եթե չկան վնասվածքներ։ 30 րոպեն մեկ պետք է տուժածին շրջել մյուս կողմի վրա։
Հիշե՛ք
Անգիտակից վիճակում գտնվող մարդուն կտրականապես արգելվում է տալ որևէ հաբ, ջուր, ատամների միջև դնել փայտիկ կամ որևէ գործիք։ Արգելել այդ ամենը կատարել ցանկացողներին

Նախագծային շաբաթ 29,01-09,02


Օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաները.:
Մահ, տեսակները/ կլինիկական, բիոլոգիական/;
Սիրտ թոքային վերակենդանացում:
394612_543894372299248_1908525118_n

Комментариев нет:

Отправить комментарий